Հայաստանում ներկայում կա ոչ թե գրիպի համաճարակ, այլ գրիպի բռնկում, ասում է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը և ավելացնում, որ իրադրությունը վերահսկելի է։ «Բերեք անունը համաճարակ չդնենք, ասենք բռնկում, որն ամբողջությամբ վերահսկելի է, անհանգստանալու որևէ առիթ չունենք»
,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում գրիպից մահացության երեք դեպք է արձանագրվել:
Նախարարը հավատացրեց, թե կոչերը վերացական չեն և խուճապի կարիք չկա: «Եթե կարիք լիներ, մենք կհայտարարեինք համաճարակ և համապատասխան միջոցառումներ իրականացնեինք: Իսկ ինչ վերաբերվում է մահացության դեպքերին, որոնց թիվը մենք ենք հայտնել: Մեկ երեխա մահացել էր Արծվաբերդ գյուղում, քույր և եղբայր հիվանդացել էին, եղբորը ժամանակին տեղափոխեցին, հիմա վիճակը բավարար է»,- ասաց նա:
Նախարարը խոստովանեց, որ ճիշտ է՝ գրիպով վարակվելու դեպքերը վերջին շրջանում մի փոքր ավելացել են: «Հետազոտության տվյալներով գրիպի Բ տեսակն է գերակշռում և ավելի շատ փոքրահասակ երեխաներն են հիվանդանում: Նախկին մեկ ամսվա ընթացքում ավելի շատ մեծահասականերն են հիվանդանում: Հիմա շատ լավ է, որ դպրոցական արձակուրդներ են և երեխաները մեկը մյուսի հետ շփվելու առիթ չուեն, ավելի շատ տանն են լինում»,- ասաց նա և ավելացրեց, որ իրենց ամենօրյա վերահսկողության տակ է նաև մանկապարտեզների գործունեությունը, յուրաքանչյուր բացակայությունն ուսումնասիրվում է:
Նախարարը նշեց, որ բավարար քանակով դեղորայք ունեն և ամբողջն անվճար են բաց թողնում: «Այսօր մեր վերակենդանացման բաժանմունքներում ընդամենը 31 հիվանդ կա, բոլորի վիճակը բավարար և միջին ծանրության է, ծանր հիվանդ չունենք»,- ասաց նա և ավելացրեց, որ ամեն տարի է այս շրջանում նման գրիպի բռնկումներ լինում են, նույնիսկ մահացության դեպքերով, պարզապես, ըստ նրա, այս անգամ իրենք որոշել էին այդ մասին բարձրաձայնել:
«Մեր հանրապետությունում այսպիսի դեպքեր լինում են այս ամիսներին, մենք ընդամենը այս անգամ այս մասին բարձրաձայնեցինք մեր ազգաբնակչությանը, ուղղորդեցինք, թե ինչպես անեն, և դա էր պատճառը, որ հաճախելիությունն այսօր մեծացավ: Այսօրվա դրությամբ հիվանդանոցներում 31 հիվանդ ունենք սուր շնչառական հիվանդություններով, որոնցից մի մասը գրիպ է Ա տեսակի, մյուսը՝ Բ տեսակի, ծանր հիվանդներ չկան»,– ասաց նախարարը:
«Եթե համեմատենք մեկ ամիս առաջ, դրանց թիվը կրկնակի ավել էր: Այսօրվա դրությամբ մանկական բաժանմունքներում թեթևացում է նկատվում, ասել էինք, որ մանկական բաժիններում ծանրաբեռնվածություն է նկատվում, և արդեն բավական թվով հիվանդներ դուրս են գրվել»,-նշեց նա:
Աղբյուր՝ Tert.am