Հետազոտողների միջազգային խումբը հայտնաբերել է, որ հակառակ բժշկական գիտության մեջ և պրակտիկայում առկա տեսակետի, բանջարեղենի և մրգերի շատ օգտագործումը քաղցկեղի կանխարգելման գործում էական դեր չի խաղում: Այնուամենայնիվ, այն էապես նվազեցնում է ճարպակալման հավանականությունը և աթերոսկերոզը, հետևաբար նվազում է նաև սրտի կաթվածի ու ինսուլտի առաջացման հավանականությունը:
1990 թվականին ԱՀԿ-ն (Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը) խորհուրդ տվեց օրեկան ուտել ոչ քիչ, քան 5 չափաբաժին (400 գրամ) ցանկացած բանջարեղեն և մրգեր, բացի օսլայով հարուստ բանջարեղենից: ԱՀԿ մասնագետների կարծիքով այն կարող էր էապես նվազեցնել քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունների, ինչպես նաև ուռոցքաբանական հիվանդությունների հաճախականությունը:
Նյու Յորքի Մաունտ-Սինայ բժշկական դպրոցի գիտնականների միջազգային խումբը հետազոտել է կես միլիոն մարդու տվյալներ 10 եվրոպական երկրներից, որոնք մասնակցել են Եվրոպական լայնածավալ հետազոտություններին քաղցկեղի և սննդի կապի բացահայտման համար:
Սննդի հետ կապ չունեցող գործոնների վերաբերյալ լրացումներ կատարելուց հետո, գիտնականները եկել են այն եզրակացության, որ խորհուրդ տրվող բանջարեղենի և մրգերի օգտագործման քանակը կարող է կանխարգելել քաղցկեղի դեպքերի միայն 2.5%-ը: Ինչպես ասվում է, անգամ այդ տոկոսը պետք չէ կապել միայն բանջարեղենի և մրգերի հետ, քանի որ այն մարդիկ, ովքեր շատ են դրանք օգտագործում հակված են ավելի առողջ կենսակերպ վարել:
Ինչպես նշեցին մասնագետները, նրանց եզրահանգումները վերաբերում են միայն բանջարեղենին և մրգերին ընդհանրապես: Այս մթերքների առանձին տեսակներ կարող են պարունակել այնպիսի կենսաբանական ակտիվ նյութեր, որոնք առանձհատուկ կերպով կանխարգելում են ուռուցքների առանձին տեսակների առաջացումը:
Բացի այդ, բանջարեղենի առաջարկված քանակի օգտագործումը նվազեցնում է ճարպակալման և աթերոսկլերոզի առաջացման հավանականությունը, ինչն էլ, իր հերթին, նվազեցնում է սրտի կաթվածի, ինսուլտի և շաքարախտի առաջացման հավանականությունը:
Doctors.am