Խաղողը պաշտպանում է սիրտը աղի վնասակար ներգործությունից

Խաղողի օգտագործումը կարգավորում է զարկերակային ճնշումը և լավացնում է սրտի աշխատանքը` նվազեցնելով աղի օգտագործման արդյունքում առաջացած բացասական ազդեցությունը: Այսպիսի եզրահանգման են եկել Միչիգանի համալսարանի գիտնականները, որոնք փորձը իրականացրել են մկների վրա:

Փորձերին ներգրավել են մկների հատուկ տեսակ, որոնք աղի նկատմամբ բարձր զգայունություն ունեն: Կրծողներին բաժանել են մի քանի խմբերի: Նրանց մի մասը պահպանում էր աղի բարձր պարունակությամբ դիետա, իսկ մյուսները` բացի դիետայից ստանում էին տարբեր տեսակի խաղողի փոշիներ կամ հիդրալազին: Աղի բարձր տոկոսով դիետայի պահպանման դեպքում մկների մոտ զարգանում էր զարկերակային հիպերտոնիա:

18 շաբաթ անց հայտնաբերվել է, որ խաղողի ավելացումը այդ դիետայի պահպանման ժամանակ մկների մոտ նվազեցրել է զարկերակային ճնշումը և լավացրել է սրտի աշխատանքը: Բացի այդ, քանզի խաղողը հակաբորբոքային ազդեցություն ունի, այն նվազեցրել էր աղի բացասական ներգործության հետևանքով առաջացած միոկարդի ախտահարումը: Դրա հետ մեկտեղ, մկների մյուս խմբի մոտ ավելացված հիդրալազինը նվազեցնում էր զարկերակային ճնշումը, սակայն ընդգծված պաշտպանիչ ազդեցություն չէր ունենում սրտի վրա, ինչպես խաղողը, նշում են հետազոտողները: 

Հետազոտությունների ղեկավար Միտչել Սեյմուրայի խոսքերով, խաղողի պաշտպանիչ ազդեցությունը կապված է նրա մեջ պարունակվող հատուկ նյութերով: Գիտնականները գտնում են, որ այս նյութերը, որոնք առկա են խաղողի կեղևի, պտղամսի և կորիզի մեջ, կարող են անմիջական ազդեցություն ունենալ բջիջների վրա կամ ազդել իրենց հակաօքսիդային հատկության շնորհիվ:

Հետազոտողները նշել են, որ կենդանիների վրա իրականացված փորձերի արդյունքները չեն կարող նույն կերպ կիրառվել մարդկանց վրա: Աղի նկատմամբ զգայունությունը մարդկանց մոտ տարբեր է. որոշների մոտ այն հանգեցնում է զարկերակային ճնշման բարձրացման, իսկ մյուսների մոտ աղի օգտագործումը նման ազդեցություն չի ունենում: Այնուամենայնիվ, բժիշկները հիպերտոնիկներին զգուշացնում են զերծ մնալ աղի շատ օգտագործումից: Ճիշտ է, խաղողի օգտագործումը կարող է օգտակար լինել, սակայն չի կարող նշանակվել հակահիպերտոնիկ դեղամիջոցների փոխարեն, նշում են բժիշկները:
 
 
Doctors.am